Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Մանրամասներ
Ջոն վան’տ Սխիպ

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր Ջոն վան’տ Սխիպին ներկայացրել է ՀՖՖ gործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է 61-ամյա նիդեռլանդացու թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Մարզիչն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով (այսինքն` ուժի մեջ է 1 տարի` ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ. խմբ)»,– ասված է հաղորդագրությունում:

Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք` 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։

ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։