Երեկ՝ մարտի 22-ին, շարունակվել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ բողոքի ցույցերը։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի ողջ տարածքում։ Տեղական և միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Ստամբուլում, Իզմիրում և մայրաքաղաք Անկարայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների, ցուցարարների նկատմամբ անհայտ գազի, ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառման մասին։
Իմամօղլուի ձերբակալման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել և այսօր էլ նախատեսված են աշխարհի տարբեր քաղաքներում։
Երթեր ու ցույցեր են տեղի ունեցել և նախատեսվում են նաև այսօր Լոնդոնում, Հռոմում, Միլանում, Բարսելոնայում, Մադրիդում, Ամստերդամում, Բեռլինում, Նյու Յորքում, Բրյուսելում, Տորոնտոյում, Մոնրեալում, Օտտավայում և Վանկուվերում։
Այսօր առավոտյան ռուսաստանյան «Коммерсантъ» պարբերականը տեղեկացրել է, որ թուրքական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սկսված բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։
Իմամօղլուն երեկ կանգնել է դատարանի առաջ։ Նա չի ընդունել իր դեմ առաջադրված կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքները՝ դրանք անվանելով «աներևակայելի մեղադրանքներ և զրպարտություն»։
Դատախազությունը պահանջել է կալանքի տակ վերցնել Ստամբուլի քաղաքապետին ու նրա չորս օգնականներին։
Թուրքական իշխանությունները հետաքննության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել են 323 մարդու, կիրակի վաղ առավոտյան հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Իմամօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, դատապարտել է ձերբակալությունը՝ այն որակելով քաղաքական հետապնդում և կոչ է արել կողմնակիցներին օրինական հիմքով ցույցեր անցկացնել։
Կառավարությունը հերքում է խնդրի վրա որևէ ներգործություն և պնդում, որ դատական համակարգն անկախ է։
54-ամյա Իմամօղլուն, որը որոշ հարցումներով առաջ է անցել Էրդողանից, առաջիկա օրերին պետք է դառնար ԺՀԿ-ի կողմից նախագահի պաշտոնական թեկնածուն։
Հաջորդ ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն Էրդողանը հասել է նախագահական երկու ժամկետի սահմանափակմանը՝ նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Եթե նա ցանկանում է նորից առաջադրվել, պետք է արտահերթ ընտրություններ նշանակի կամ փոխի սահմանադրությունը։
0Comments