Երևում է՝ «ֆուտբոլային դիվանագիտությունն» այժմ նոր երանգներ կստանա Վրաստանի և Հայաստանի միջև. Մարկեդոնով

Մանրամասներ
Մարկեդոնով

Երևում է՝ «ֆուտբոլային դիվանագիտություն» հասկացությունն այժմ նոր երանգներ կստանա: Ավելի վաղ այս սահմանումն օգտագործվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նկարագրելու համար։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Վրաստանի և Հայաստանի միջև ներկա հարաբերությունների դեպքում խոսքը ոչ թե կարգավորման, այլ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու մասին է։ Իսկ Վրաստանում ստեղծված «ֆուտբոլային դիվանագիտությունը» լավ տեղավորվում է վրացական արտաքին քաղաքականության նորացված կուրսի համատեքստում։ Թբիլիսին այսօր կենտրոնացած է եվրասիական ուղղության վրա։ 2025 թվականի հունվարին, այսինքն՝ իր վերընտրվելուց և ներքաղաքական ճգնաժամի ավարտից անմիջապես հետո, Իրակլի Կոբախիձեն այցելեց Բաքու և Երևան։ Փետրվար-մարտ ամիսներին Վրաստանի կաբինետի ղեկավարն այցելել է Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան։ Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին վրացական իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը՝ շեշտը դնելով անմիջական հարևանների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վրա։

Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հատկապես ՆԱՏՕ-ի հետ ամբողջական խզում չի նշանակում, ոչ էլ աբխազական և հարավօսական ուղղությամբ ինչ-որ «նոր կարգավորման» ճանաչում։ Սակայն հարևանությունը, որը նախկինում մնում էր երկրորդական մտահոգություն, դառնում է Թբիլիսիի առաջնահերթությունը: Թբիլիսին փորձում է ինքնառաջարդրվել Երևանին և Բաքվին՝ որպես հայ-ադրբեջանական հակամարտության հարցում նույնքան հավասար գործընկեր։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, իրենց հերթին, մրցում են վրացական կողմի ուշադրության համար»,- գրել է Սերգեյ Մարկեդոնովը։