ԱՄՆ-ը կարող է դիմել մարտական գործողությունների Իրանի նկատմամբ

Մանրամասներ
իրան ամն դրոշ

ԱՄՆ-ը կարող է մարտական գործողություններ վարել Իրանի դեմ որոշակի հանգամանքներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

«Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ հասցնեն որոշակի գծի, մենք չենք դիմի մարտական գործողությունների, մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ուիթքոֆն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Իրանը չպետք է [միջուկային] ռումբ ունենա»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք սկսեն ստեղծել միջուկային զինանոց։ Դա չպետք է տեղի ունենա»,- նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։

Մարտի 7-ին Թրամփը իր Truth Social-ի էջում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։ Մարտի 12-ին Խամենեին բանակցություններին պատրաստակամության մասին Թրամփի խոսքերն անվանել է համաշխարհային հասարակական կարծիքի խաբկանք։