Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) համաձայնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիա կորպորացիային վճարել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների մի մասը, մարտի 25-ին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
USAGM-ի որոշման մասին հայտնի է դարձել մեկ օր առաջ՝ գործակալության ղեկավարության դեմ կորպորացիայի հայցի վերաբերյալ դատական նիստից առաջ։ Հայցը կապված է USAGM-ի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի ֆինանսավորումը դադարեցնելու փորձի հետ:
«Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը ձեռնարկել է անհապաղ վարչական քայլեր՝ վճարումը սկսելու համար», - ասվում է USAGM-ի նամակում: Սա նշանակում է, որ «Ազատություն» ռադիոկայանը կստանա 7,46 մլն դոլար, որը կընդգրկի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածը։ Միջոցները պետք է փոխանցվեն մինչև մարտի 26-ը, իսկ ռադիոկայանը դրանք կստանա մինչև ամսվա վերջ։
«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ը դատական կարգով պահանջում է վճարել 2025 բյուջետային տարվա դրամաշնորհի մնացած մասը: Մեդիա կորպորացիան նաև պահանջում է ֆինանսավորումը դադարեցնելու նախնական արգելք սահմանել: USAGM-ի փաստաթղթերի համաձայն՝ մեդիա կորպորացիայի 2025 թվականի բյուջեի պահանջը կազմել է 153 միլիոն դոլար։
«Ազատություն» ռադիոկայանը անկախ մեդիա կորպորացիա է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից USAGM-ին դրամաշնորհի միջոցով: Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ դաշնային գործակալությունների, այդ թվում՝ USAGM-ի կրճատումների մասին։ Դրանից հետո «Ամերիկայի ձայնը» հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին, դրա աշխատակիցները սկսել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ ստանալ։ «Ազատություն» ռադիոկայանը պաշտոնապես չի հայտարարել աշխատանքի դադարեցման մասին։
0Comments