Մարդկությունը պատրաստ չէ դիմակայել վիրուսներին, որոնք կարող են ի հայտ գալ սառույցների և մշտական սառած հողերի հալչելու դեպքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կլիմայի փոփոխության հարցերով նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։
Նրա խոսքով՝ հնագույն վիրուսները կարող են թաքնված լինել Գրենլանդիայի, Կանադայի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի սառույցներում ու մշտական սառած հողերում։ Կլիմայի տաքացման հետևանքով դրանք կարող են ներթափանցել շրջակա միջավայր, իսկ մարդկությունը պատրաստ չէ նման վտանգին։
«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ վիրուսներ կարող են այնտեղ լինել։ Սիբիրյան խոցը (որի սպորները կարող են պահպանվել մշտական սառած հողերում՝ խմբ.) ընդամենը մեկ օրինակ է, սակայն դրանք կարող են շատ ավելի շատ լինել», - նշել է Չունգը։
Նա նաև հիշեցրել է մի քանի տարի առաջ հրապարակված գիտական զեկույցի մասին։ Ըստ այս ուսումնասիրության՝ հարյուրավոր վիրուսներ կարող են ի հայտ գալ, երբ տունդրայում մշտական սառույցները հալվեն, և դրանցից մի քանիսը լուրջ վտանգ են ներկայացնում մարդկության համար:
0Comments