Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից՝ առևտրային պատերազմի ֆոնին. Financial Times

Մանրամասներ
նավ

Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումն ԱՄՆ-ից՝ երկրների միջև առևտրային հակասությունների սրման ֆոնին։ Այս մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը։

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ ամերիկյան ՀԲԳ-ի վերջին խմբաքանակը Չինաստանի Ֆուցզյանի նահանգում ստացվել  է փետրվարի 6-ին, ինչից հետո նոր մատակարարումներ չեն գրանցվել։ Ամերիկյան գազով լցանավերից մեկը նույնիսկ վերաուղարկվել է Բանգլադեշ՝ չհասցնելով ժամանել մինչև մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը:

«Մինչև փաստական էմբարգոյի մակարդակ մաքսատուրքերի բարձրացման պայմաններում մենք տեսնում ենք ՀԲԳ-ի համաշխարհային հոսքերի վերաբաշխում», – մեջբերում է պարբերականն Energy Aspects խորհրդատվական ընկերության վերլուծաբան Ռիչարդ Բրոնզի խոսքը։ 

Ըստ նրա՝ Ասիայում ՀԲԳ-ի ամբողջական պահանջարկը կարող է նվազել 5-10 մլն տոննայով, ինչը կհանգեցնի Եվրոպայում գազի գների ոչ մեծ նվազման։

Չնայած Չինաստանի ընկերությունների 13 երկարաժամկետ պայմանագրերի առկայությանը մինչև 2049 թվականն ԱՄՆ տերմինալներից ՀԲԳ-ի մատակարարման վերաբերյալ, փորձագետները կարծում են, որ հետագա մատակարարումների հեռանկարները «չափազանց մշուշոտ են»: 

Կոլումբիայի համալսարանին կից Համաշխարհային էներգետիկ քաղաքականության կենտրոնի գազի շուկայի հարցերի փորձագետ Անն Սոֆի Կորբոն կարծում է, որ «չինական ներկրողները դժվար թե երբևիցե կրկին ամերիկյան ՀԲԳ-ի նոր պայմանագրեր ստորագրեն»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10% համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականներն՝ ապրիլի 9-ին։ Սակայն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերի գործողությունը, քանի դեռ երկրների հետ բանակցություններ են ընթանում։

Չինաստանի նկատմամբ, սակայն, գործում են 145% մաքսատուրքեր։