Կրեմլը պատրաստ չէ «բարեխիղճ բանակցությունների»․ ISW

Մանրամասներ
Կրեմլ ռդ ագն

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի հայտարարություններն ու գործողությունները ընդգծում են Կրեմլի պատրաստակամությունը չներգրավվել «բարեխիղճ բանակցություններում» և դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

ISW-ի զեկույցի համաձայն, Կրեմլը կրկնել է իր պնդումը, թե Ուկրաինան չունի ինքնիշխանություն՝ ստեղծելով պայմաններ Մոսկվայի համար՝ պնդելու, որ Ուկրաինան իրավունք չունի բանակցել Ռուսաստանի հետ: 

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը ճշգրտել է իր մոտեցումը Ուկրաինայի հետ հնարավոր բանակցությունների հարցում, քանի որ Կիևի ռեժիմն, իբր, ինքնիշխանության «դեֆիցիտի» մեջ է։

«Մինսկի համաձայնագրերը չափազանց ձեռնտու էին Ռուսաստանին՝ առանց որևէ պարտավորություն պարտադրելու Մոսկվային, սակայն ռուսական խամաճիկները Ռուսաստանի աջակցությամբ մշտապես խախտում էին պայմանավորվածությունները։ Կրեմլի կողմից վերահսկվող պետական ​​լրատվամիջոցներն օգտագործել են փետրվարի 15-ի հարցազրույցը Կրեմլի հետ կապված Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի հետ՝ կրկնելու Կրեմլի կեղծ պատմությունն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ լեգիտիմ է»,- գրում են ինստիտուտի վերլուծաբանները:

ISW-ն նշում է, որ Մեդվեդչուկի հարցազրույցը և փետրվարի 16-ի Պեսկովի հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել պատերազմի կարգավորման վերաբերյալ բարեխիղճ բանակցությունների հարցում Մոսկվայի պատրաստակամությունը և ստեղծել տեղեկատվական պայմաններ Ռուսաստանի համար՝ խախտելու ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն՝ պատճառաբանելով, որ Ուկրաինայի կառավարությունը, իբր, օրինական իրավունք չունի դրանք ավարտելու:

Զեկույցում նշվում է նաև, որ Կրեմլը բաց հրավեր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մասնակցելու մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում՝ որպես համաշխարհային տերության՝ Ռուսաստանի հզորությունն ու կարգավիճակը ցուցադրելու ջանքերի մի մաս:

ISW-ի ակնարկը նշում է, որ Պուտինը փորձում է իրեն ներկայացնել որպես Թրամփի հավասարը և Ռուսաստանը ներկայացնել որպես Միացյալ Նահանգներին համարժեք գլոբալ ուժ և որպես Խորհրդային Միության «գերտերության» կարգավիճակի ժառանգորդ: