Վեց սովորություն, որոնք կօգնեն նիհարել ու խուսափել քաշի ավելացումից․ Գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյան

Մանրամասներ

Ավելորդ քաշից ազատվելու կամ քաշը նորմայի սահմաններում պահելու համար մարդիկ հաճախ բավական լուրջ ջանքեր են գործադրում, մինչդեռ կան ամենօրյա սովորություններ, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքին առանց մեծ ջանքերի: Live24.am-ի հետ զրույցում գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը ներկայացնում է վեց սովորություն, որոնք կպաշտպանեն ձեզ ավելորդ քաշից:

Առողջ քուն

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասի հետևանքով մարդիկ գիրանում են, ինչը պայմանավորված է ոչ լիարժեք քնի պարագայում սոմատոտրոպ հորմոնի սինթեզի խանգարումով։ Սոմատոտրոպ հորմոնը, որը վաղ տարիքում ապահովում է մարդու աճը, հասուն տարիքում, խորը քնի ժամանակ, ապահովում է  ճարպերի ճեղքումը՝ միջինը 100-ից 150 գրամ։ Հորմոնն ակտիվ է արտադրվում 23։00-ից մինչև գիշերվա 3։00-ն, ինչի պատճառով էլ խորհուրդ է տրվում, որ մարդը քնի 23։00-ից ոչ ուշ՝ օրական 8-9 ժամ:

Արևային լույս

Շատերն արթնանալուց հետո խուսափում են վառ լույսից, սակայն գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու համար մարդը պետք է հնարավորինս շատ լույս ստանա: Բանն այն է, որ արևային լույսն ակտիվացնում է նյութափոխանակությունն ու կալորիաների այրման գործընթացը: Ընդ որում՝ անգամ 20-30 րոպե բնական լույս ստանալն արդեն իսկ դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, ուստի հարկավոր է բացել պատուհաններն ու միացնել լույսերը:

Քաշի վերահսկողություն

Հաճախակի քաշը ստուգելու սովորությունը շատ արդյունավետ ռազմավարություն է ավելորդ քաշի դեմ պայքարում: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում կշռվել ամեն օր՝ առավոտյան նախաճաշից առաջ:

Նախաճաշել

Լիարժեք նախաճաշը շատ կարևոր նշանակություն ունի քաշի պահպանման ու ախորժակի վերահսկման հարցում: Այն ճնշում է ախորժակն ու թույլ չի տալիս օրվա ընթացքում նորմայից շատ ուտել:

Ընթրել

Սովորաբար ընդունված է կարծել, որ երեկոյան 18։00-ից հետո սնվելը նպաստում է քաշի ավելացմանը։ Սակայն, իմ համոզմամբ, երեկոյան սնվելը՝ մասնավորապես հում բանջարեղենով և սպիտակուց պարունակող մթերքներով, նիհարել ցանկացղների համար, պարտադիր նախապայման է։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ երեկոյան ժամերին միրգ ուտելը բերում է ավելորդ կիլոգրամների ավելացմանը։

Բավարար քանակությամբ ջուր խմել

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ՝ 2-ից 2,5 լիտր ջուր խմելն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները, խթանում է նյութափոխանակությունն ու արագացնում է մարսողությունը՝ դրանով իսկ օգնելով պայքարել ավելորդ քաշի դեմ: