Ինչպես հաղթահարել գիշերն ուտելու ցանկությունը․ Դիետոլոգ

Մանրամասներ
Նինա Մուրադյան

Երկար ժամանակ համարվում էր, որ քնելուց առաջ ուտել չի կարելի, քանի որ քնի ընթացքում օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են եւ ստամոքսը չի կարող նորմալ մարսել սնունդը: Live24.am-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ Նինա Մուրադյանը և բացատրել, որ իրականում սնունդը նորմալ է մարսվում, սակայն հագեցվածության զգացողությունն ավելի ուշ է առաջանում, քան օրվա ցերեկային ժամերին, ինչն էլ հանգեցնում է չափից շատ ուտելուն եւ ավելորդ քաշ հավաքելուն:

Ըստ դիետոլոգի՝ հաճախ գիշերն ուտելու պատճառ է դառնում հոգեկան վիճակը: Շատերը ցերեկն աշխատում կամ սովորում են, իսկ երեկոյան՝ հանգստանում եւ թուլանում: Այդ պատճառով մութն ընկնելուն պես դժվար է դառնում վերահսկել ախորժակը:

«Չափից շատ ուտելու պատճառ կարող են դառնա նաեւ սթրեսն ու դեպրեսիան, հոգեկան տարատեսակ խանգարումները, որոնց դեպքում մարդիկ հաճախ ցերեկն ախորժակ չեն ունենում, փոխարենը գիշերային ժամերին այն վերադառնում է»,- բացատրել է Մուրադյանը և նշել, թե ինչպես կարելի է խուսափել գիշերը շատ ուտելուց․ 

«Երբեմն մարդը սննդի կարիք չի ունենում, բայց օրգանիզմը հեղուկ է պահանջում: Այդ պատճառով շատերը շփոթում են քաղցի եւ ծարավի զգացողությունը: Երբեմն գիշերը քաղցը հագեցնելու համար բավարար է մեկ գավաթ եռացրած ջուր խմել: Կարելի է նաեւ տաք կաթ կամ անյուղ կեֆիր խմել:

Եթե օրվա ընթացքում քիչ եք սնվում, պետք չէ տանջել ստամոքսը: Կարելի է բանջարեղենով, հատիկային հացով սենդվիչ կամ շիլա ուտել: Բայց հետեւեք, որ դա սովորություն չդառնա:

Ձգտեք, որպեսզի երեկոյան աչքի առաջ ոչ մի համեղ եւ գայթակղիչ բան չլինի, թաքցրեք բոլոր կոնֆետներն ու թխվածքները:

Քնելուց առաջ մաքրեք ատամները. դա օրգամիզմին ազդակ կհաղորդի, որ ուտել այլեւս չի կարելի եւ հանգստի պատրաստվելու ժամանակն է»,- մանրամասնել է դիետոլոգը: