Սպիտակուցներով, մրգերով եւ բանջարեղենով հարուստ ճիշտ սնունդը, ինչպես նաեւ ճիշտ խնամքը եւ բավարար քանակությամբ ջուր խմելը օգնում են ավելի երկար մնալ երիտասարդ եւ լավ տեսք ունենալ: Սակայն կան նաեւ սովորություններ, որոնք, հակառակը, ծերացման պրոցեսներն արագացնում են: Դրանց թվում են.
Ծխելը
Մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելը նրանց լավագույն ընկերն է, ովքեր ցանկանում են ժամանակից շուտ ծերանալ: Ծխելը նվազեցնում է մաշկի առաձգականությունը, ինչի հետեւանքով մաշկը սկսում է ժամանակից շուտ ծերանալ: Ծխելը նաեւ նպաստում է մաշկի ու ատամների դեղնելուն եւ պիգմենտային բծերի հայտնվելուն: Չնայած այս ամենին, շատերը շարունակում են ծխել:
Քնի պակասը
Առողջության եւ գեղեցկության պահպանման համար խորհուրդ է տրվում օրական 7-8 ժամից պակաս չքնել: Սակայն ժամանակակից աշխատող մարդկանց 50 տոկոսից ավելին լիարժեք չի քնում, ինչի պատճառով նրանց օրգանիզմը չի կարողանում նորմալ գործել: Քնի պակասը բերում է նաեւ քաշի ավելացման, ծերացման արագացման եւ առողջական շատ այլ խնդիրների:
Սխալ սննդակարգը
Եթե մարդը բավարար քանակությամբ մրգեր, բանջարեղեն եւ սպիտակուց չի ուտում, օրգանիզմին սննդարար նյութերը չեն բավականացնի, որոնցով նա կարող է վերականգնել մաշկի բջիջները: Դրանից բացի, յուղոտ եւ քաղցր սնունդը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, իսկ նիհարելուց հետո մաշկն, ավելի շուտ, կկախվի:
0Comments