Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ

Մանրամասներ
իտալիա

Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին: Նա այս մասին գրել է X սոցցանցում:

Փոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակրոնը նախօրեին բրիտանական The Economist ամսագրին տված բացառիկ հարցազրույցում մեկ անգամ ևս չէր բացառել Ուկրաինայում արևմտյան ցամաքային զորքերի տեղակայումը:

Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ Նա մանրամասնել էր, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնություն խնդրի։

«Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկին, ով ոչինչ չի բացառում»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը դեռևս հավատարիմ է Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ դիրքորոշմանը։

ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է որակել Մակրոնի խոսքերը:

«Մոսկվան հետևում է Փարիզի հայտարարություններինը, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: