Մեծ Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա՝ կանխելու ռուսական հերթական ներխուժումը, The Telegraph-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները: Նրանց խոսքով՝ զինվորականները կզբաղվեն Ուկրաինայի Զինված ուժերի ուսուցմամբ և վերականգնմամբ։ Դրանով նրանք կհամագործակցեն արևմտյան այլ երկրների խաղաղապահ զորամիավորումների հետ և կլինեն «եվրոպական ղեկավարության ներքո»։
Բացի ցամաքային զորքեր ուղարկելուց, Բրիտանիան մտադիր է ապահովել Ուկրաինայի օդային և ծովային տարածքի պաշտպանությունը։ Զորքերի ընդհանուր թիվը, որը Լոնդոնը նախատեսում է ուղարկել Կիևին աջակցելու համար, չի նշվում, սակայն դրանք փուլ առ փուլ դուրս կբերվեն հինգ տարվա ընթացքում, նշել են The Telegraph-ի աղբյուրները։
Ուկրաինա խաղաղապահների տեղակայման հարցը քննարկվել է ապրիլի 10-ին 30 երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Միջոցառումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Ուկրաինա զորքեր մտցնելու «կամավորների կոալիցիա» ստեղծելու ջանքերը գլխավորել են Բրիտանիան և Ֆրանսիան։ Բացի Լոնդոնից և Փարիզից, խաղաղապահ առաքելությանը միանալու համաձայնություն են տվել նաև Բալթյան երկրները, հաղորդում է AFP-ն։
Հանդիպման մյուս մասնակիցները բարձրացրել են զորքերի տեղակայման նպատակի հարցը։ «Կարևոր է հստակեցնել, թե ինչ է ներառելու առաքելությունը և ինչ ենք անելու մենք։ Անկախ նրանից՝ մենք խաղաղապահներ ենք, զսպողներ, թե անվտանգության ուժեր», - ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը։
Սպասվում է, որ «կամավորների կոալիցիայի» ուժերը կտեղակայվեն Ուկրաինայում Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքումից հետո։ Արևմտյան ռազմական ուժերին կպահանջվի ապահովել ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների անվտանգությունը։ Սակայն դրանք չեն տեղակայվի շփման գծի երկայնքով։ Խաղաղապահ կոնտինգենտը կարող է կազմել մինչև 30 հազար մարդ, ավելի վաղ գրել էր The Times-ը։
0Comments