ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բայդեն-Թրամփ հանդիպումը տեղի է ունեցել՝ ցույց տալու իշխանության խաղաղ փոխանցումը՝ չնայած նրանց միջև առկա լուրջ տարաձայնություններին։
«Նրանք քննարկել են ազգային անվտանգության և ներքին քաղաքականության կարևոր հարցեր, որոնք ծառացած են երկրի և աշխարհի առջև։ Դա իսկապես շատ անկեղծ էր, շատ քաղաքակիրթ և առարկայական», – ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը։
Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Բայդենը պնդել է, որ Ուկրաինային օգնությունն օգտակար է ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ «ուժեղ և կայուն Եվրոպան թույլ չի տա, որ Ամերիկան ներքաշվի պատերազմի մեջ»։
Իր հերթին Թրամփը The New York Post-ին հայտնել է, որ Բայդենի հետ զրույցում շատ է քննարկվել Մերձավոր Արևելքի թեման։
«Ես ցանկանում էի իմանալ նրա տեսակետներն այն մասին, թե որտեղ ենք մենք։ Նա ինձ հայտնեց դրանք, նա շատ սիրալիր էր», – հայտնել է Թրամփը։
Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը խոսել են նաև իշխանության խաղաղ փոխանցման մասին։
«Անհամբերությամբ սպասում եմ, որ կունենանք, ինչպես մենք ասել ենք, խաղաղ փոխանցում։ Կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք տեղավորվեք…. Բարի գալուստ, բարի վերադարձ», – ասել է Բայդենը։
«Քաղաքականությունը դաժան է և շատ դեպքերում հաճելի բան չէ։ Բայց այսօր ամեն ինչ լավ է, և ես շատ եմ դա գնահատում։ Իշխանության փոխանցում, որն այնքան հարթ է…. Ես դա շատ եմ գնահատում, Ջո՛», – ասել է Թրամփը Բայդենին։
2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենին պարտվելուց հետո Դոնալդ Թրամփն անտեսել էր այս ավանդույթը և չէր ընդունել նրան Օվալաձև գրասենյակում։ Թրամփը նաև ներկա չէր գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թ. հունվարի 20-ին։
0Comments