Հարկադիր միջոցներ կլինեն՝ սկսած վարորդականից, հաշվեհամարներից. Անդրանիկ Քոչարյանը՝ 25-օրյա հավաքներց խուսափողների մասին

Մանրամասներ
25 օրյա վարժանք զորակոչ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Պաշտպանության նախարարի եւ գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բանակի բարեփոխումներին միտված քննարկում։ Հայտնում են ԱԺ-ից:

«Քննարկումը լինելով աշխատանքային, իր մեջ պարունակում էր նաեւ գաղտնիության էլեմենտներ եւ հանձնաժոովի անդամներին ներկայացվել է, որ ռեժիմը պետք է այդպիսին լինի»,- ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քննարկվող օրենսդրական փաթեթը վերաբերում էր տարածքային պաշտպանության խնդիրներին,  այդ համատեքստում ԶՈւ-երում ներդրվող մեխանիզմներին, տարածքային պաշտպանությանը, ինչպես նաեւ այլ հարցում հասարակության ներգրավվածությանը:  Ըստ Քոչարյանի առաջարկվող գործիքակազմը բանակի ռեֆորմների համար առանցքային են լինելու, կվերանայվի նաեւ պետական կենսաթոշակների մասին օրենքը, որը սերտորեն փոխկապակցված է երկրի տարածքային պաշտպանության համակարգի հետ:

Տարածքային պաշտպանության համատեքստում կստեղծվեն մի շարք միավորումներ, որոնք Քոչարյանի դիտարկմամբ, զինված ուժերին ռեզերվային հնարավորություններ կտան, արդյունքում էլ կամբողջացվի մարդկային ռեսուրսի ճիշտ կառավարումը:

Ներդրվելու են գործիքակազմեր, որոնք պետության կողմից համարժեք մոտեցում կլինի երկրի համընդհանուր պաշտպանությունից խուսափողների համար: 

«Հարկադիր միջոցներ կլինեն սկսած իրենց վարորդականից, հաշվեհամարներից եւ այլն, թվայնացվում է ամբողջ համակարգը, դա հնարավորություն չի տա ինչ-որ մեկին դուրս մնալ տեսադաշտից»,-ասել է նա:

Նախատեսվում է առաջիկայում օրենսդրական փաթեթը ներկայացնել խորհրդարանում քննարկման: