Էկվադորյան մաֆիան, ի պատասխան նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրության, անկարգություններ ու բախումներ է կազմակերպել երկրով մեկ։ Հանցախմբերից մեկի զինված անդամները ուղիղ եթերում ներխուժել են տաղավար և պատանդ վերցրել TC Televisión հեռուստաալիքի աշխատակիցներին, գրում է BBC-ն:
Նրանք աշխատողներին հրամայել են պառկել հատակին. կադրից դուրս կրակոցներ ու ճիչեր են լսվել։ Հեռարձակումը շուտով ընդհատվել է։ Ավելի ուշ զինված անձինք լքել են հեռուստաալիքի շենքը, իսկ որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարել է, որ բոլորին ձերբակալել են։
Երկրի նորընտիր նախագահ Դանիել Նոբոան 22 մաֆիոզ խմբավորումներն անվանել է ահաբեկչական կազմակերպություններ և ասել, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է չափազանց վտանգավոր հանցագործի՝ «Լոս Չոներոս» ազդեցիկ հանցախմբի 44-ամյա ղեկավար Խոսե Ադոլֆո Մասիասի՝ բանտից փախուստից հետո: Նախագահ Նոբոան երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել։
Հանցախմբերի անդամներն ի պատասխան զինված դուրս են եկել փողոցներ, հրկիզել են մեքենաներ, լսվել են պայթյուններ: Ոստիկանությունը հայտնել է, որ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։
Հարձակումներ ոստիկանների և զինվորականների վրա
Առնվազն յոթ ոստիկան պատանդ են վերցվել երկուշաբթի և երեքշաբթի երկրի տարբեր վայրերում, ներառյալ մայրաքաղաք Կիտոյում:
Կուենկա քաղաքում անհայտ անձինք ինքնաշեն ռումբ են նետել զինվորական բեռնատարի վրա։ Էսմերալդա նահանգում, ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքեր են օգտագործվել երեք անգամ։ Էկվադորի մի քանի այլ վայրերում պայթյուններ են որոտացել։
Մի քանի քաղաքներում հանցագործները մեքենաներ են այրել. միևնույն ժամանակ, Կիտոյում ոստիկանները գազի բալոններ են հայտնաբերել մեկ մեքենայի մեջ, որը հրկիզվել է, հանցագործները հավանաբար սպասում էին, որ դրանք կպայթեն:
Բանտային անկարգություններ
Էկվադորի 24 նահանգից վեցի բանտերում անկարգություններ են սկսվել, որոշ դեպքերում պատանդ են վերցվել պահակները: Ոստիկանության և զինվորական հատուկ ուժերը ստիպված են եղել ճնշել Էլ Օրո, Լոխա, Չիմբորազո, Սոտոպաշի, Ազուայ և Պիչինչա նահանգների բանտերում անկարգությունները։
Նախագահ Նոբոան ասել է, որ բանտային անկարգությունները մաֆիայի արձագանքն են քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր փորձերին:
Հարևանները զորքեր են տեղափոխում սահման
Պերուի կառավարությունը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել Էկվադորի հետ իր հյուսիսային սահմանին։ Վարչապետ Ալբերտո Օտարոլան բացատրել է, որ զինվորականները կուղարկվեն սահման՝ ոստիկանությանը օգնելու համար։
Հարևանները վախենում են, որ էկվադորցիները կփախչեն իրենց մոտ՝ խուսափելու անկարգություններից և անօրինություններից:
Ավազակապետության ալիք
Դանիել Նոբոան, որը Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է անցած հոկտեմբերին, խոստանում է զսպել հանցավորության ալիքը, որը պատուհասել է երկիրը։
Էկվադորը երկար ժամանակ եղել է համեմատաբար հանգիստ երկիր: Սակայն վերջին տարիներին այս երկրում նույնպես ուժեղացել են թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող մաֆիայի խմբերը:
0Comments