Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Շահինին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայություն,-խմբ.) համատեղ գործողության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են ահաբեկիչ Մուհամմադ Շահինին և Սիդոնի շրջանում ոչնչացրել նրան։ Շահինը Լիբանանում զբաղեցրել է ՀԱՄԱՍ-ի օպերատիվ բաժնի ղեկավարի պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում հավելել են, որ Շահինը պատասխանատու է եղել Լիբանանի տարածքից Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների պլանավորման համար: Նշվում է նաև, որ նա պատասխանատու է եղել Լիբանանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների ժամանակ հրեական պետության հյուսիսում արկերի բազմաթիվ արձակումների համար:
Այսօր ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքում այրվող մեքենայի տեսանյութը, որին, ինչպես պնդում են, իսրայելական ԱԹՍ-ն է հարվածել:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ անվտանգության հարցերի շուրջ հրատապ խորհրդակցություն անցկացնելու պատճառով նա խնդրել է ընդհատել այսօր շարունակվող դատական լսումները: Այս հայտարարությունը հրապարակվել է Հարավային Լիբանանից Իսրայելի ավիահարվածի մասին լուրերից անմիջապես հետո։
0Comments