Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական օգնություն ցուցաբերել աղետի հետևանքները վերացնելու համար։
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել երկրաշարժերից հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցության և համերաշխության համար։ «Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանցի փրկարարներն ու բժիշկները մեծ խիզախությամբ և վճռականությամբ շարունակում են աշխատել երկրաշարժի գոտում, անձնուրաց կերպով աշխատում են մարդկանց փրկելու համար»,- հայտնում է աղբյուրը։
0Comments