Այլ հանգամանքներ կան, հնարավոր է՝ ոչ զինվորական, դրա համար եմ այստեղ․ Գեղարքունիքի մարզի դատախազ

Մանրամասներ

Զորամասի հրդեհի դեպքով վարույթը նախաձեռնվել է և քննվում է Զինվորական դատախազությունում: Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում: Ես մարզի դատախազն եմ, բայց այս վարույթն ինձ չի առնչվում, ես չէ, որ պետք է բացատրություններ տամ կամ ինչ-որ մանրամասներ հայտնեմ:

Այս մասին Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:

Ըստ նրա՝ դեպքի հետ կապված այլ հանգամանքներ կան. «Դրա համար ես այստեղ եմ, իսկ թե ինչ, դա թող մնա հետագայում: Այլ իրողություններ ի հայտ չեն եկել, դեպքի հետ է կապված, որը հնարավոր է՝ նաև իմ մասով առնչվի, այսինքն՝ ոչ զինվորական»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։