Մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև վախենում են թիրախավորվելուց

Մարդու իրսվունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ ՀՀ–ում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, որն օրեցօր սրվում է թե սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս

Մարդու իրսվունքների պաշտպան Արման Թաթոյանըպատասխանել է «168 ժամի» հարցերին:

– ՀՀ–ում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, որն օրեցօր սրվում է թե սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս: Թիրախում և՛ դատական համակարգն է, դատավորները, և՛ անհատ գործիչներ, և՛ լրատվամիջոցներ: Սա գուցե անպատժելիության մթնոլորտի հետևա՞նք է, ինչպե՞ս սա կանխել:

– Առհասարակ, անհանդուրժողականություն կա, արժանապատվությունը վիրավորող խոսք կա, ատելության խոսք կա, և սա վտանգավոր չափերի է հասել: Եվ սրանք նաև վտանգավոր են, որովհետև կարող են հանգեցնել բռնության: Անհանդուրժողականության մակարդակը բավականին բարձր է: Ես ուզում եմ հատուկ նշել, որ դրա՝ վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորելու, ատելության խոսքի մակարդակը բարձր է հատկապես սոցիալական ցանցերում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ այդտեղ առավել ագրեսիվ են:

Մի խնդրահարույց երևույթ էլ կա. կեղծ օգտատերերի միջոցով ավելի մեծ տարածում է գտնում վիրավորական խոսքը և ատելությունը: Սա չի նպաստում հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի, ընդհանուր փոխադարձ հարգանքի ձևավորմանը, ավելին՝ վտանգում է այլակարծությունը: Մարդիկ հաճախ խուսափում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև վախենում են թիրախավորվելուց:

Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ սա դժվարացնում է լրագրողի աշխատանքը, եղել են դեպքեր, երբ լրագրողը նույնացվել է այն մարդու հետ, ումից հարցազրույց է վերցրել:

Այսինքն՝ հաճախ նաև լրագրողն է թիրախավորվում, դառնում այդ ատելության խոսքի թիրախը: Բոլոր առումներով ես սա համարում եմ անթույլատրելի երևույթ, և սրա կանխարգելման, սրա դեմ պայքարի եղանակները պետք է արդյունավետ լինեն բոլոր կողմերից:

Իրենց հերթին հանրային գործիչները պիտի այնպիսի ձևակերպումներ թույլ տան, որ այն նպաստի հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Ես իմ օրինակով եմ դա փորձում ցույց տալ՝ օգտագործելով այնպիսի բառապաշար, արտահայտություններ, ձևակերպումներ, որոնք հարգանքի մթնոլորտ են ձևավորում:

Կա մեկ այլ խնդիր ևս. շատ մտահոգիչ է, որ թիրախավորվում է մարդու անձնական, մասնավոր, ընտանեկան կյանքը: Սա նույնպես պետք է կանխարգելել: Ես դրա հետ կապված հայտարարություն էի տարածել, մենք աշխատում ենք նաև մեր գործընկերների՝ մի շարք պատգամավորների հետ, ունենք պայմանավորվածություններ համատեղ քայլել մշակելու համար: Ես կարևորում եմ, որ խորհրդարանը նույնպես միանա: Առաջիկայում քննարկումներ կունենանք՝ մտածելու համապարփակ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

– Խոսքը օրենսդրական նախագծի մասի՞ն է, համատեղ միջոց ասվածն այդ տեսքո՞վ է լինելու:

– Այս պահին օրենսդրականի մասին չեմ կարող ասել, բայց շատ կարևոր է, որ անընդհատ մեր քաղաքացիներին այդ հորդորները լինեն, որպեսզի լինի փոխադարձ հարգանք, այլակարծություն: Մենք նաև լրատվամիջոցների հետ ենք աշխատում և մեր գործընկերներին միշտ խնդրում ենք, որ սոցիալական ցանցերից հեռացնեն ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դա լրատվամիջոցի պարտականությունն է, քանի որ այն ևս նպաստում է ատելության խոսքի ձևավորմանը և լարված մթնոլորտ ունենալուն:

-Չե՞ք կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում մեկ խոսքով, մի հորդորով կարող է ինչ-որ չափով ազդել առկա անհանդուրժողականության մթնոլորտի վրա, կանգնեցնել այն: Թե՞ այլևս հնարավոր չէ: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ բոլոր ոլորտների և դեպքերի վրա տարածել «ժողովրդի իշխանություն» ասվածը, արդյո՞ք սա չի չարաշահվում, շահարկվում, ոմանք սա չափազանց սխալ ձևակերպում են համարում:

– ՀՀ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է ընտրովի և տարբեր մարմինների միջոցով: Իշխանության բարձրագույն աղբյուրը ժողովուրդն է: Բայց խնդիրն այն է, որ պետական մարմինները պետք է ունենան իրենց դերը, պատասխանատվությունը՝ ամեն մեկն իր ոլորտում, այդ թվում՝ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման հարցում:

– Անցումային արդարադատության վերաբերյալ ի՞նչ կասեք, արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ երկրների օրինակով ենք ուզում գնալ: Կամ՝ չե՞նք բախվի քաղաքական վրեժխնդրության վեթինգի կամ բարեվարքության կիրառման դեպքում դատավորների նկատմամբ:

– Կառավարությունը մշակել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, որտեղ նաև անցումային արդարադատությանը վերաբերող կարգավորումներ և հարցեր են:

Ասեմ, որ այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել է, կառավարությանը ներկայացվել են առաջարկներ: Եվ այս շաբաթ արդեն պետք է արդարադատության նախարարության հետ աշխատենք, որ դրանք էլ ավելի կորպորացնենք:

Անցումային արդարադատության առումով կարևոր խնդիրներից մեկն այն է, որ պետք է ճիշտ ակնկալիքներ ձևավորվեն, թե ինչ հարցերի շրջանակի է այն առնչվելու, և հստակ լինեն այն ուղղությունները, որոնք կապված են խնդիրների վերհանմանը կամ իրավունքների պաշտպանությանը:

Անցումային արդարադատությունը ենթադրում է նաև օրենսդրական այլ ակտերի փոփոխություններ, ենթադրենք՝ քննում ենք 10 տարի առաջ տեղի ունեցած դեպք, որով մարդիկ են դատապարտվել կամ չեն դատապարտվել, և մենք հայտնաբերում ենք իրավունքի խախտումներ: Պետք է տանք դրանց լուծումները, օրինակ՝ գտնում ենք, որ ապօրինի դատապարտված մարդ կա, կամ կա չդատապարտված, որը պիտի դատապարտվի:

Մեր օրենսդրական ակտերը տալիս են օրենսդրական փոփոխություն անելու հնարավորություն: Այս հարցերը քննարկման փուլում են, աշխատում ենք արդարադատության նախարարության գործընկերների հետ: Ինչ վերաբերում է դատավորների բարեվարքությանը, վարքագծի կանոններին, դատական համակարգի անկախության բարձրացմանը, ապա այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ այս հարցերը ևս կան, սրանք նաև հակակոռուպցիոն ռազմավարության մեջ կան:

Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ դատաիրավական փաթեթներից մեկով նախատեսված է, որ կարգապահական հանձնաժողովի մեջ ներառվելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, և հանձնաժողովն իրավունք է ունենալու կարգապահական վարույթի հարց բարձրացնել:

168.am