Կարսը սպասում է սահմանի բացմա՞նը. Պայմանը կատարված է

Իրավիճակ

ա

Կարս. Ֆեթիե մզկիթը, որը ի սկզբանե եղել է Ալեքսանդր Նեվսկու եկեղեցի, որը կառուցել են ռուսները 1885 թ․ Լուսանկարը՝ Փոլ Բենջամին Օսթերլանդի

 

Eurasianet.org կայքը հրապարակել է «Թուրքական քաղաքը սպասում է Հայաստանի հետ սահմանի բացմանը» հոդվածը Կարսի մասին, որում ասվում է, որ 1993-ին հայ-թուրքական սահմանի փակվելուց հետո Կարսի նահանգի բնակչությունը 1990 թվականի 662,000-ից նվազել է 285,000-ի 2020 թ.: Նշվում է, որ քաղաքը, որը գտնվում է սահմանի մյուս կողմում՝ Գյումրիից ոչ հեռու, անհամբերությամբ է սպասում Հայաստանի հետ սահմանի բացմանը:

«Թուրքիան պայման ուներ` Հայաստանի դուրս գալը Ղարաբաղից: Այս պայմանը կատարված է, եւ մենք սպասում ենք սահմանի բացմանը», ասում է հոդվածագրի զրուցակիցներից մեկը:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հավանական կարգավորման թեման կրկին սկսեց քննարկվել, երբ Փաշինյանն ու Էրդողանը խոսեցին «դրական ազդանշանների» մասին: Էրդողանը պայմաններ առաջ քաշեց՝ կապված ինչպես 2020 թվականի պատերազմի արդյունքների ճանաչման, այնպես էլ Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու հետ: Էրդողանն ասել է, որ հարաբերությունները կարող են բարելավվել, «եթե երկրները հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան առաջիններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թվականին, սակայն Էրդողանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Հայաստանն այդպես էլ չի ճանաչել Թուրքիայի սահմանները: Սահմանները հաստատվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով, և Կարսը Հայաստանի մաս էր կազմում մինչև այդ պայմանագրերի կնքումը: Ռուսաստանը Կարսը, Արեւելյան Հայաստանի մեծ մասը նվիրեց Թուրքիային:

1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի գրանցամատյանում չկան: Չնայած Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց պահանջներ էլ չի ներկայացրել:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը: «Ես և Պուտինը քննարկել ենք այս հարցերը և համաձայնության եկել: Եվ Ալիևի հետ նույնպես: Իրանում նախագահ է փոխվել, և այդ թեման կքննարկենք նաեւ նրա հետ», ասել է Էրդողանը:

Պատահական չէ, որ Էրդողանն ասում է, որ «կքննարկի վեցյակի հարթակը» Իրանի նոր նախագահի հետ: Հայաստան-Իրան ճանապարհի փակումը ազդանշան էր Թեհրանին, որը հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իր համար, նկատի առնելով Մեղրիի «միջանցքը»:

Բայց ինչպիսի՞ն կարող է լինել Իրանի և այլ դերակատարների դիրքորոշումը, եթե Հայաստանը զիջի իր ինքնիշխանությունը:

Սկզբնաղբյուր