Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է, որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։
Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, և դրա մասին գիտեն բոլորը, այլ հարց է, որ պահի շահադիտականությունից ելնելով բոլորը չէ, որ դրա մասին բարձրաձայնում են։ Թեև օր օրի ակնհայտ անօրինականությունների և հորինված լեգենդի դեմ արտահայտվողների քանակը մեծանում է։
Ընդ-որում մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ և հայացքներ, նույնիսկ իրարամերժ, բայց ակնհայտ ստի ու ակնհայտ անօրինականության դեմ հանդես գալ միասին։
Իշխանությունը կարծես թե ինքն իր հետ մրցակցության մեջ է. «մինչև ո՞ւր է հնարավոր անել ուզածը»։ Կարևոր չէ, որ դատավորը իշխանություններին ոչ հաճո որոշման համար հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, կարևոր չէ, որ դատական քննությունը անհարկի ձգձգվում է տեխնիկական պատճառներով, կարևոր չէ, որ շուրջ երկու ամիս հնարավոր չէ օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մարտի 1-ի գործից հեռացնելուց հետո շատ արագ պետք է դատավոր նշանակվեր, լուծվեր կալանքի հարցը: Հակառակ պարագայում, եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, լուծումը պետք է բխի բացառապես ազատության կանխավարկածից: Սա կոնվենցիայի պահանջ է:
Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է: Այս պահին Քոչարյանի կարգավիճակը ավելի մոտ է «պատանդի», քան՝ կալանքի։ Եթե պետության ռեսուրսների պատճառով կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախտվում են մարդու իրավունքները։ Ուրեմն կալանքը կիրառվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց: Եվ երկու ամիս անց ընդհանուր իրավասության դատարանի այլ դատավորի գործի մակագրումը չի մեղմելու ՄԻԵԴ-ից սպասվող որոշումը:
Զուգահեռ ընթացող մեկ այլ պրոցեսի բանաձևն էլ այսպիսին է. Ոստիկանն այլևս մերը չէ: Ամուլսարի շահագործման դեմ բողոքողների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված ուժը, մինչ այդ Իջևանում անհասկանալի ուժի կիրառումը, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը խախտումներ են, որոնք նոր Հայաստանում կարծես թե նորմ են դառնում: Այն նույն «նոր» Հայաստանում, որտեղ իշխանության են եկել հավաքների, ճանապարհներ փակելու, թավշյա անհնազանդության միջոցով:
Այստեղ խնդրո առարկան ամենևին Ամուլսարի շահագործմանը դեմ կամ կողմ լինելը չէ, այստեղ մարդու իրավունքների հերթական խախտման արձանագրումն է: Երբ որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը դեկլարատիվ հայտարարությունների մակարդակից չի բարձրանում, հասարակությանը մնում է դիմել նույն մեթոդներին, ինչ մեկ տարի առաջ այսօրվա իշխանությունները:
Այսօրվա հնարավոր զարգացումների մասին դեռ մեկ տարի առաջ էինք զգուշացրել: Այդպես է լինում մեկ մարդու իշխանության պայմաններում, այդպես է լինում դատական համակարգի վրա բռնի ճնշումների պայմաններում, այդպես է լինում սեփականաշնորհված ՀՔԾ-ի և հորինվող քրեական գործերի պայմաններում։ Եվ մենք կարող ենք վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
0Comments