Թրամփի արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ-ի նկատմամբ, նախագահության նախկին ժամկետի նման չի լինելու

Մանրամասներ
թրամփ-ֆինալ

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ Թրամփի քաղաքականությունը՝ թե ներքին, թե արտաքին, տարբեր է լինելու և դեռ կարիք է լինելու հասկանալ, թե հենց այս իրավիճակում ինչպես է իր առաջնահերթություններն իրագործելու։

Նրա կարծիքով, այնքան էլ տեղին չէ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում առաջնորդվել բացառապես Թրամփի նախորդ նախագահության արտաքին քաղաքականությամբ, քանի որ Թրամփը վերադառնում է իշխանության աշխարհաքաղաքական մեկ այլ իրավիճակում, որն էականորեն տարբերվում է նախկինից իր սրությամբ, աշխարհաքաղաքական դիմակայությամբ։

«Կարծում եմ՝ այս ամենը հաշվի առնելով, ասել, թե այդ քաղաքականությունը մեզ համար կանխատեսելի է միայն այն պատճառով, որ Թրամփը եղել է նախագահ, և մենք տեսել ենք այն, սխալ կլինի։ Նախորդ վարչակարգի օրոք սկսվեց ուկրաինական պատերազմը, ինչպես նաև Իսրայելի գործողությունները Գազայում, կա երկու ակտիվ պատերազմ, աճող համագործակցություն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև։

Ի վերջո, Թրամփը թեև հայտարարել է, որ ավարտելու է պատերազմները, չի սկսելու պատերազմներ, բայց քարոզարշավի ընթացքում նաև սուր հայտարարություններ է արել Ռուսաստանի և Չինաստանի մասին։ Պետք է հաշվի առնել նաև, որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ և կարող է նաև շեղվել իր հայտարարություններից, ինչպես նաև գործի՝ ելնելով նախկին թիմի հետ մրցակցությունից։ Վերջին գործոնը, ըստ իս, էական է լինելու, նա կենտրոնանալու է այն բանի վրա, որ ցույց տա իր և դեմոկրատների տարբերությունը, որի համար էլ նրան ընտրել են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, իրավիճակը և կանխատեսելի է, և ոչ։

«Ռուսաստանի համար Թրամփի նախագահությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների ամենավատ փուլը չի եղել, Թրամփն ԱՄՆ-ի համար առաջին մրցակից, ինչ-որ առումով՝ նաև թշնամի էր կարգել Չինաստանին, Բայդենի օրոք Ռուսաստանը վերածվեց ԱՄՆ-ի առանցքային թշնամու, քաղաքական ռազմավարության մեկնարկն այդպես տրվեց ու զարգացումներն ընթացան արդեն բոլորին հայտնի ճանապարհով»,- ասաց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ պատերազմներն ավարտելու մասին Թրամփի հայտարարարությունն առանցքային արտաքին քաղաքական հայտարարություն է, որին նա հավատարիմ կմնա։

«Ինչպես նկատեցինք, հաղթանակից հետո իր առաջին ուղերձում նա քիչ խոսեց արտաքին հարցերի մասին, սակայն այս նախադասությամբ բավականին կարևոր ուղերձ հղեց։ Բայց խաղաղությունը կարող է հաստատվել ոչ միայն խաղաղ միջոցներով, ուստի չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ Թրամփը վարի իր նախկին արտաքին քաղաքականությունը, արմատական փոփոխություններ, չեմ կարծում, թե կլինեն։

Ըստ իս, Թրամփի վարչակարգը նաև Հարավային Կովկասով կզբաղվի, կփորձեն աշխատել Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, չէ՞ որ այն գրեթե պատրաստ է, և կարելի է այդ ուղղությամբ ինչ-որ բան անել, եթե, իհարկե, մինչ այդ համաձայնագիրը չստորագրվի, կամ մեկ այլ միջնորդ չհայտնվի»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Նրա դիտարկումների համաձայն, ներկայումս Միացյալ Նահանգները կանգնած է լիովին այլ ներքին ու արտաքին մարտահրավերների առջև։

«Ներկայիս արտաքին քաղաքական դիրքերից Թրամփի վարչակազմն էականորեն շատ չի կարող նահանջել և կենտրոնանալ միայն ներքին օրակարգի վրա աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլում։ Սակայն, կարծում եմ, ՌԴ-ի հանդեպ արմատականությունը չի լինելու այնպիսին, ինչպիսին Բայդենի օրոք էր, այլ մոտեցումներ են լինելու։ Խնդիրը բարդ է դրված՝ ավարտել պատերազմը, սակայն ԱՄՆ-ի դիրքերի համար ոչ մեծ կորուստներով։ Այդ դիրքերը ոչ միայն Ուկրաինայում են, Եվրոպայում, այլև Հարավային Կովկասում։ Դա հեշտ գործ չէ»,- ասաց Սիմոնովը։