Հավաքած փողերը կլցնի սեփական ճամպրուկները՝ հիվանդ երեխաներին օգնելու փոխարեն

Ամեն գնով մեծ գումարներ հավաքագրելու մարմաջը Աննա Հակոբյանին ոչ մի լավ տեղ չի հասցնելու

ՆԻԿՈԼԻ ՆՇԱԾ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐՆ ՈՒ ԳՌՓՈՂՆԵՐՆ ԱՆՆԱՅԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԴԱՐՁԱՆ ԲԱՐԵՐԱՐ ԵՎ ԱՉՔԻ ԼՈՒՅՍ

11-րդ դարում կաթոլիկ եկեղեցում մի հատկանշական ավանդույթ ձևավորվեց՝ կապված մարդկանց մեղքերի թողության հետ: Անվանեցին այդ երևույթը «ինդուլգենցիա», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ողորմածություն»:

11-րդ դարից այս կողմ՝ 21-րդ դար, համարյա ոչինչ չի փոխվել: Դարձյալ մարդկանց մեղքերի թողություն են տալիս, բայց, արի ու տես, որ Հայաստանում դա անողը տիկին Աննան է՝ «ամենայն հայոց վարչապետ» Նիկոլ Փաշինյանի կինը: Այսօրվա իր դարակազմիկ ասուլիսում առևտրականի հոգեբանությամբ այս անձնավորությունը հայտարարել է, թե ով էլ որ իր ղեկավարած հիմնադրամներին մուծվի, եթե անգամ մուծված գումարը գողացված է, ինքը միայն ուրախ կլինի:

«Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցվում են և ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի»,- հայտարարել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երախտապարտ է գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին՝ դրամաշնորհներ տալու համար:

Այսպիսով, աբսուրդի թատրոնը շարունակվում է: Աննա Հակոբյանը ինդուլգենցիայի տակ է վերցնում և մեղքերի թողություն տալիս ա՛յն մարդկանց, ա՛յն գործարարներին, ում հասցեին իր ամուսինը ժամանակին՝ ընդդիմություն եղած տարիներին, ինչ ասես՝ ասում էր՝ նրանց մեղադրելով ժողովրդին կողոպտելու, թալանելու և գռփելու մեջ: Այսինքն, կողոպտիչներն ու գռփողները թավշյա իշխանության օրոք մեկ ակնթարթում դարձան բարերարներ և աչքի լույս միայն այն պատճառով, որ մուծվել են տիկնոջ հիմնադրամներին:
Մի կողմ թողնելով հանգամանքը, որ Աննա Հակոբյանը չափազանց շատ բան է վերցնում իր վրա՝ իրեն դնելով համարյա թե կաթոլիկ եկեղեցու հոգևորականի տեղ, նշենք, որ գործող իշխանության քաղաքականությունը ինչպես երկակի եղել է հենց առաջին օրվանից, այնպես էլ մնացել է: Ով իրենց թրի տակով անցնում է՝ լավն է, ով քննադատում է՝ ազգի թշնամի է:

Ամեն գնով մեծ գումարներ հավաքագրելու մարմաջը Աննա Հակոբյանին ոչ մի լավ տեղ չի հասցնելու: Մյուս առումով, հասկանալի է, թե նա ինչու է այդքան շահագրգռված դրամահավաքությունը արագ տեմպերով առաջ մղել: Նա հասկանում է, որ ամեն ժամը մոտեցնում է իր ամուսնու անփառունակ իշխանության վերջին և խայտառակ օրը, երբ ուշքի եկած ժողովրդական զանգվածները հաշիվ կպահանջեն իրենց խաբելու, շահագործելու և իրենց զգացմունքների հաշվին վարչապետի աթոռը զավթելու համար:
Աննա Հակոբյանը հասկանում է, թերևս, որ հասունանում է իրենց՝ երկրից փախչելու օրը: Եվ հավաքած փողերը նա, իմ խորին համոզմամբ, կլցնի սեփական ճամպրուկները՝ հիվանդ երեխաներին օգնելու փոխարեն:

Այստեղ հարցն այլ է՝ արդյոք կհասցնե՞ն փախչել:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից