Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կրեմլին մեղադրել է Վենեսուելայում տիրող անհանգիստ իրավիճակն ավելի բարդացնելու համար, ինչպես նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա լատինամերիկյան երկրից:
Թրամփն այդ մասին ասել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի կնոջ՝ Ֆաբիանա Ռոսալես դե Գուաիդոյի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում, որտեղ Թրամփը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Գուաիդոյին և Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփի համոզմամբ` Ռուսաստանի «ռազմական էսկալացիան» ապակառուցողական է ու չի նպաստում Վենեսուելայի ներքաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման ջանքերին:
Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է համարժեք քայլեր ձեռնարկել:
Աղբյուրը նշում է, որ ռուսական զորքը, ռազմական օդանավերն ու սարքավորումները Վենեսուելա են ուղարկվել անցած հանգստյան օրերին՝ հաջակցություն նախագահ Նիկոլաս Մադուրոյի:
«Վենեսուելան այժմ մեծ ճնշման տակ է: Նրանք չունեն փող, նավթ, էլեկտրականություն և առհասարակ ոչինչ չունեն: Տեսնենք, թե ինչ կստացվի»,-ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական միջամտության, «սեղանի վրա» են:
Պարբերականը նկատում է, որ Գուաիդոյի կինն իրականում պետք է հանդիպեր փոխնախագահ Մայք Փենսի հետ, սակայն նախագահ Թրամփը, ազատ ժամ ունենալով, որոշել է անձամբ ընդունել երիտասարդ կնոջը:
Կինը նշել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմն ահաբեկում է իր ընտանիքին, ամեն կերպ փորձում վնասել ամուսնու մերձավորներին:
«Սակայն մենք գիտենք, որ Վենեսուելան միայնակ չէ, ԱՄՆ-ն մեզ հետ է: Միջազգային հանրությունը, աշխարհը Վենեսուելայի հետ է: Աշխարհը տեսնում և լսում է այս բռնապետության ահավոր հետևանքների մասին: Սակայն Վենեսուելան որոշել է, որ սա լինելու է խաղաղության տարի, մենք առաջ ենք գնալու»,-ասել է ընդդիմադիրի կինը:
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն միանշանակ աջակցում է Գուաիդոյի հեղափոխությանը:
«Մենք Վենեսուելայի հետ ենք և Ձեր ամուսնու կողքին: Մենք աջակցում ենք նրանց, որոնց Ձեր ամուսինը ներկայացնում է, խոսքը երկրի բնակչության մեծամասնության մասին է: Մենք 100%-ով ձեզ հետ ենք»,-ասել է նախագահը:
Ամերիկյան կողմի մեղադրանքներին ի պատասխան ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ զորքն ու սարքավորումները Վենեսուելա են ուղարկվել երկկողմ համաձայնագրի շրջանակում: Պատասխանելով Թրամփի՝ հեռանալու կոչին՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն ինքը պետք է հետևի այդ խորհրդին ու զորքը դուրս բերի Սիրիայից:
«ԱՄՆ-ն նման է խանութ մտած փղի՝ չնայած, որ փղերն ավելի խելամիտ և զգուշավոր վարք են դրսևորում: Իսկ ԱՄՆ-ն միջազգային հարթակում նման է Լուվրի թանգարան մտած կովբոյի»,-ասել է Զախարովան:
0Comments