Ուելսի արքայազն Չարլզը կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի հետ պատմական այցով Կարիբյան ավազանի երկրներով ճամփորդության շրջանակում Կուբա է մեկնել:
«Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորեցի արքայազն Չարլզին և Քորնուելի դքսուհուն, պաշտոնական այցի վերաբերյալ մեր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեցի նրանց՝ հաշվի առնելով, որ սա Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների առաջին այցն է Կուբա»,- թվիթերյան իր էջում գրել է Կուբայի արտգործնախարարի տեղակալ Անա Գոնսալեսը:
Պաշտոնյան հավելել է, որ թագավորական զույգն այցելել է Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանին և ի նշան հարգանքի ծաղկեպսակ դրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագավորական զույգը եռօրյա այցով Կուբա կմեկնի: Այցի շրջանակում նրանք կհանդիպեն կղզու ղեկավարի հետ, մշակութային կենտրոններ կհաճախեն, հանդիպումներ կունենան երիտասարդ ձեռներեցների հետ, բացի այդ՝ նրանց պատվին Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հրավերք կկազմակերպվի:
0Comments