Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները

Մանրամասներ
միգրանտ

Ոստիկանության աշխատակիցներն իրավունք կունենան մուտք գործելու արտաքսման ռեժիմի ենթակա ներգաղթյալների բնակարաններ և այլ տարածքներ՝ նման օտարերկրացիների նկատմամբ պետ​​վերահսկողության շրջանակում։ Ըստ news.am-ի և ТАСС-ի՝ համապատասխան կանոնակարգն ամրագրված է օրենքում, որն ուժի մեջ կմտնի մարտի 5-ից:

Բացի դրանից, ոստիկանությունն իրեն իրավունք կվերապահի Ռուսաստանի Դաշնության պետական ​​մարմիններից և օտար պետությունների իշխանություններից պետական ​​վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր, դրանց թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ պահանջել, ինչպես նաև բանկերից տեղեկություններ ստանալ արտաքսման ռեժիմում գտնվող օտարերկրացու բանկային հաշիվների առկայության և թվերի, նման հաշիվներով դրամական միջոցների շարժի մասին:

Մարտի 5-ից ՌԴ ՆԳՆ աշխատակիցներն այս ռեժիմով, ներառյալ՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, կկարողանան վերահսկել նաև օտարերկրացիներին։ Այս նորմը տարածվում է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք նման օտարերկրացիներին « Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու հարցում»աջակցություն են տրամադրում:  Ոստիկանությունն իրավունք կունենա օգտվել շարժական սարքերից և աշխարհագրական դիրքից, դեմքի ճանաչման համակարգում աշխատող վճարային համակարգերից։

ՌԴ-ում մարտի 5-ից ուժի մեջ է մտնում երկրում անօրինական գտնվող կամ օրենքը խախտած օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման միգրացիոն ռեժիմը։ Նրանց համար սահմանափակված են որոշակի իրավունքներ և ազատություններ, նրանց նկատմամբ միգրացիայի ոլորտում նաև դաշնային պետական ​​վերահսկողության միջոցներ են կիրառվում։