Ընդդիմությանը պարգևավճար է հասնում՝ կանոնակարգի վավերացմանը չխոչընդոտելու համար. Ղազարյան

Մանրամասներ
աժ

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց Կառավարության կողմից ներկայացված, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կոնոնակարգը վարվերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ 

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ նման հակապետական հարցի քննարկմանն ուղղակի չեն կարող մասնակցել, քանի որ սա Ադրբեջանի պահանջները կատարելու հերթական քայլն է։ Իշխանությունն էլ ընդդիմության այս քայլը որակեց որպես հերթական շոու, դեմագոգիա։

MediaHub

Ինչևէ, մինչ հարցը զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմոտենար ամբիոնին, ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։ Արդյո՞ք դա էր միակ ճիշտ տարբերակը․ հարցն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում, անգամ ընդդիմադիր հայացք ունեցողներն են քննադատում խորհրդարանական ընդդիմությանը։

Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, օրինակ, կարծում է, որ ընդդիմությունը մեկ ամիս առաջ արդեն գիտեր, որ կանոնակարգը գալու է ԱԺ, քննարկվելու և քվեարկվելու է, ուստի մեկ ամիս ժամանակ կար մանդատները վայր դնելու և խորհրդարանը լուծարելու համար։ 

«Ակնհայտ է, որ տեղի ունեցածը պատգամավորների համար անակնկալ չէր կարող լինել։ Այսինքն՝ դեռ այն պահից, երբ Կառավարությունը հավանություն էր տվել ու Կանոնակարգն ուղարկել էր ՍԴ, պարզ էր, որ դրական եզրակացությամբ հարցը գալու էր ԱԺ։ Ուստի, շատ վաղուց պետք է իր տակտիկական քայլերն ընդդիմությունը մշակած լիներ, որպեսզի այդ հարցը ԱԺ չգար, չքննարկվեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Իսկ ընդդիմությունն ի՞նչ արեց․ ըստ Էդգար Ղազարյանի՝ կանաչ լույս վառեց ՔՊ-ի համար՝ իշխանությանը տալով այդ փաստաթուղթն անխոչընդոտ վավերացնելու հնարավորություն։

«Հիմա, երբ հարցը ԱԺ-ում է, այս քննարկումների իմաստը ո՞րն է։ Տեսեք, իմ և ըննդիմության խնդիրներից մեկն այն է, որ իրենք անվստահության գործընթացը չեն սկսել։ Ու դրա պատճառաբանությունն էլ այն է, որ անվստահության գործընթացի համար իրենք բավարար ձայն չունեն, ՔՊ-ականները շատ են։ Բա եթե հիմա գնում եք հանձնաժողովի նիստի ու գիտեք, որ ՔՊ-ականները շատ են, նիստերի օրակարգ բերելու են հարցը, ի՞նչ տրամաբանությամբ եք գնում էդ նիստին»,- նկատեց Ղազարյանը։

Ընդդիմության՝ մանդատները վայր դնելուն Էդգար Ղազարյանը միշտ դեմ է արտահայտվել, քանի որ կարծել է՝ այդ մանդատները ծառայելու են Փաշինյանին անվտահություն հայտնելու գործընթացին։ Իրենք՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էլ միշտ իրենց մանդատը պահելը նաև այդ հանգամանքով են արդարացրել։

«Հիմա եթե դուք, այսպես թե այնպես, անվստահության գործընթաց չեք սկսում, վայր դրեք այդ մանդատները։ Մի ամիս առաջ որ դրած լինեիք, պառլամենտը կվերանար, այսօր ԱԺ նիստ չէր լինի։ Սահմանադրությունն ասում է՝ պառլամենտն այն մարմինն է, որ ունի առնվազն 101 պատգամավոր։ Եթե իրենք իրենց մանդատները դնեին, հաջորդ համարներն էլ մանդատ չվերցնեին, ԱԺ-ում կմնար 72 պատգամավոր, այդ փաստաթուղթն էլ չէր վավերացվի։ Իսկ հիմա ի՞նչ ունենք․․․ մի քանի օրից հոկտեմբերի աշխատավարձերը կստանան, հլը էս կանոնակարգի վավերացմանը չխոչընդոտելու համար գուցե պարգևավճար էլ ստանան ու էլի դահլիճը կթողնեն ՔՊ-ականներին»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե այս պահին ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, արդյո՞ք մանդատները վայր դնելը կփրկի, Ղազարյանն արձագանքեց՝ ընդդիմության այսօրվա քայլերը չեն համապատասխանում իր տված խոստումներին ու ընտրողների սպասումներին։ 

«Ես շատ ցավում եմ, որ այսօր մեր ընդդիմադիր հանրությունը խորհրդարանում ներկայացած է այդ որակով։ Հիմա եթե այսօր այդ քվեարկությունը լինի, էս երկիրն արդեն վերանում է։ Հիմա ուզում են մանդատ դնեն, ուզում են՝ չդնեն, ի՞նչ կապ ունի։ Հիմա որ Արցախի պատգամավորները մանդատները վայր չեն դնում, նշանակում է՝ պատգամավո՞ր են»,- ամփոփեց խոսքը Էդգար Ղազարյանը։

Նարե Գնունի