ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարները կուժեղացնեն Իրանի զսպումը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա սաուդցի գործընկեր Հալեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց են ունեցել եւ տեղեկացրել, որ կուժեղացնեն Իրանի զսպումը։ Այս մասին նշվել է երեքշաբթի Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Ինչպես վկայում է փաստաթուղթը, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արեւելքում անվտանգության ամրապնդման ջանքերը։ Օսթինը «հաստատել է ԱՄՆ հավատարմությունը Սաուդյան Արաբիայի Թագավորության անվտանգությանը եւ ընդգծել երկկողմ համագործակցության կարեւորությունը պաշտպանության ոլորտում։ Նախարարները «պարտավորվել են շարունակել սերտ երկկողմ համագործակցությունը՝ զսպման ուժեղացման ուղղությամբ, ընդհանուր սպառնալիքների հանդիման, այդ թվում Իրանի եւ նրա աջակցած խմբավորումների կողմից»։

Նրանք նաեւ խոսել են այն մասին, որ «անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն ավանդ ներդնեն կայունության վերականգնման եւ Լիբանանում պատասխանատու կառավարման հարցում»։ Օսթինն ընդգծել է, որ «ԱՄՆ-ը աջակցում է ագրեսիայի զսպմանը տարածաշրջանում»։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) կարեւոր ղեկավարների սպանության։ Թեհրանում հայտնել են, որ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել է նախանշված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանն արձակել է մոտ 180 հրթիռ, որոնց մեծ մասը խփվել է։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել գրոհին։ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին իր հերթին նախազգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն էլ ավելի մասշտաբային։