Ցուրտ եղանակներին շատերիս համար հիմնական զբաղմունք են դառնում այսպես կոչված սառնարանային արշավները, երբ օրվա ընթացքում սառնարանում դասավորված մթերքները մեկը մյուսի հետևից ստամոքս ենք ուղարկում: Թե ինչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ այդ սովորությունը, պետք չէ թվարկել, այդ մասն շատ է ասվել և գրվել: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես պայքարել այդ կախվածության դեմ և ի վերջո չսևեռվել սառնարանում դրված համեղ ուտեստների վրա:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ծնողները փոքր ժամանակ մեզ պարգևատրում որևէ համեղ բանով, երբ գոհ էին լինում մեր պահվածքից կամ պարտադրում ափսեի միջի սնունդը մինչև վերջ ուտել:Եվ հենց այդ պատճառով էլ արդեն հասուն տարիքում մեզ համար սնունդը վերածվում է շքանշանի կամ սթրեսների դեմ պայքարելու արդյունավետ դեղահաբի: Որ մեկս չի փորձում պարգևատրել ինքն իրեն համեղ քաղցրավենիքներով՝ այս կամ խնդիրը հաջող լուծելու դեպքում կամ չի փորձում սթրեսի դեմ պայքարել մեծ չափաբաժնով սննդի միջոցով: Հենց մեր այդ մանկական սովորությունն էլ երբեմն մեզ դրդում է շատակերության:
Բայց դա ուղղելի է: Պարզապես հարկավոր է պարգևատրելու համար սննդին համարժեք այլ մրցանակ սահմանել, որը չի վնասի ձեր առողջությանն ու կառուցվածքին: Օրինակ՝ կարող եք ձեզ համար առայժմ գերակա չհամարվող արժեքներով դա անել՝ ՍՊԱ սրահ կամ անգլերենի դասերի հաճախելով, զբոսանքի դուրս գալով, նոր հագուստ գնելով և այլն:
Նույնը վերաբերում է նաև սթրեսային իրավիճակներից դուրս գալուն: Սնունդն իրականում սթրեսի հաղթահարման ժամանակավոր և վնասակար միջոց է: Շատ ավելի արդյունավետ են տան մաքրությունը, վազքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Ավելրդ քաշի դեմ պայքարը մրցավազք է սեփական անձի հետ: Յուրաքանչյուր հաղթանակ մեզ ավելի արժեքավոր լինելու զգացում է պարգևում, բայց այդ զգացումը վերապրելու համար ստիպված ենք լինում նորից քաշ հավաքել: Դա կարող է անվերջանալի գործընթացի վերածվել, և ժամանակի ընթացքում այդ հաղթանակներն ավելի շատ կվնասեն ձեզ, քան կօգնեն:
Հրաժարվեք քաշի դեմ պայքարելու մտքից և այլ ոլորտներում նվաճումների հաճույքը զգալու միջոցներ գտեք: Օրինակ՝ հաղթահարեք որևէ լեռան բարձունքը, լողալ սովորեք: Հնարավորությունները բազմաթիվ են, և այլ ոլորտներում հաջողություններ գրանցելու համար նույնքան համբերատարություն և ջանք է պահանջվում, որքան նիհարելու դեպքում:
Սննդի միջոցով սեր, հոգատարություն, հարգանք կամ ուրախություն ցուցադրելը շատ տարածված սովորություն է: Իհարկե, հաճելի է սիրելի մարդու հյուրասիրությունն ընդունել, բայց սերը միայն դրանով չպետք է սահմանափակվի: Եվ եթե հրաժարվում եք որևէ մեկի պատրաստած սննդից, ամենևին չի նշանակում, թե նրան չեք սիրում կամ հարգում: Հարկավոր է ձերբազատվել կարծրատիպերից և հարաբերություններում սննդին առանցքային տեղ տալու սովորությունից: Օրինակ՝ ժամադրության համար կարելի է սրճարանի փոխարեն թատրոն կամ կինո գնալ, հյուրերին ոչ թե ճաշի կամ ընթրիքի, այլ կարաոկե երգելու կամ թենիս խաղալու հրավիրել:
Դուք շարունակում եք անել այն, ինչով զբաղվել եք ամբողջ կյանքի ընթացքում՝ առանց մտածելու ձեր արարքների հետևանքների մասին: Եթե այդ սովորությունները վնասում են ձեզ, ուրեմն ժամանակն է վերափոխել դրան: Դրա համար, օրինակ, առավոտյան նախաճաշեք ձեզ համար անսովոր ձևով, որի մասին երբևէ անգամ չէիք կարող մտածել: Կարող եք ձմերուկ ուտել, արգանակ, մի բան, ինչ մինչ օրս առավոտյան չեք կերել: Չափորոշիչների կտրուկ խախտումը կարող է օգնել ձեզ կյանքն այլ տեսանկյունից գնահատելու հարցում:
0Comments