Բոստոնի Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի (BIDMC) գիտնականները պարզել են, որ երկու տարվա ընթացքում D վիտամինի հավելումներ ընդունելը՝ անկախ չափաբաժնից, չի նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Cardiology բժշկագիտական հանդեսում:
D վիտամինի հավելումների ազդեցությունը սրտի վրա գնահատելու համար հետազոտողներն ուսումնասիրել են՝ արդյոք նյութի ավելի մեծ չափաբաժինները նվազեցնո՞ւմ են արյան մեջ երկու հատուկ սպիտակուցների մակարդակը, որոնք վկայում են սրտի վնասվածքի և ծանրաբեռնվածության մասին: Գիտնականները միաժամանակ վերլուծել են հետազոտության տվյալները, որն ուսումնասիրել է D3 վիտամինի հավելումների ազդեցությունը 70 տարեկան մեծահասակների շրջանում վայր ընկնելու ռիսկի վրա:
Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են չորս խմբերից մեկին: Առաջինը ստացել է օրական 200, երկրորդը՝ 1000, երրորդը՝ 2000, իսկ չորրորդը՝ 4000 միջազգային միավոր (IU) D3 վիտամին։ Սրտանոթային հիվանդությունների կենսամարկերների արյան մակարդակը չափվել է սկզբնական փուլում և հավելումներն սկսելուց երեք ամիս, մեկ տարի և 24 ամիս հետո:
Մեծահասակների շրջանում D վիտամինի հավելումների արդյունավետությունը սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հարցում վերլուծությունը չի հաստատել: Հետազոտողները նշել են, որ D վիտամինի ցածր մակարդակն առնչվում է սրտի հիվանդության վաղ մարկերի աճին: Սակայն երկամյա ուսումնասիրության ընթացքում հավելումի նպատակային ընդունումն անկախ չափաբաժնից սրտանոթային առողջության որևէ չափման վրա որևէ ազդեցություն չի ունեցել:
News.am
0Comments