Սուրճը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել, եթե պատրաստվի առանց շաքարավազի

Մանրամասներ

ա

Օրական մեկ կամ ավելի բաժակ սովարական սև սուրճի օգտագործումն ասոցացվում է սրտային անբավարարության առաջացման վտանգի նվազման հետ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Սրտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետների իրականացրած երեք խոշորագույն ուսումնասիրությունների տվյալները:

Ինչպես նշվում է, սրտի վրա բարերար ազդեցություն է ունենում կոֆեին պարունակող սուրճը, մինչդեռ կոֆեինազրկված ըմպելիքը կարող է վտանգավոր լինել սրտային անբավարարության առաջացման հարցում:

Սրտային անբավարարությունն առաջանում է, երբ թուլացած սիրտը չի կարողանում օրգանիզմի բջիջներին բավականաչափ արյուն մատակարարել, որն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար:

«Հատկանշական է, որ երեք ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սուրճի օգտագործումը կապ ունի սրտի անբավարարության վտանգի նվազման հետ, և որ սուրճը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել, եթե պատրաստվի առանց շաքարավազի և այլ յուղային հավելումների, ինչպես օրինակ՝ սերուցքը», - ասել է ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, սննդաբան Փեննի Քրիս-Էթերթոնը:

Ընդհանուր առմամբ, երեք հետազոտությունների ժամանակ ուսումնասիրվել է 21 000 մեծահասակ ամերիկացիների տվյալներ: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ սուրճ ըմպող մարդկանց մոտ սրտային անբավարարության վտանգը նվազել է 5-12 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք սուրճ չեն օգտագործում: