Ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձևակերպում, որ «Խաղաղության խաչմերուկը» ուտոպիա է․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ
աժ

ԱԺ-ում մեկնարկել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում է արտաքին հարաբերություններին վերաբերող 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։ Մասնավորապես նա իր խոսքում նշել է․ 

«Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, սակայն սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել, ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել։ Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց հանդիպումների շարքից՝ սկսած Գրանադայից, նույն պահից նաև դադարեցին մեր հանդիպումները արտգործնախարարների մակարդակով։ Սակայն գիտեք, որ արդեն 2024 թվականին հանդիպումները վերսկսվել են»,- հայտնեց Միրզոյանն ու զեկույցի մասին խոսքը շարունակելով ավելացրեց․

«Շահագրգռված լինելով Հայաստանի ապաշրջափակմամբ՝ մեր ընկալմամբ, մեր պատկերացրած սկզբունքների հիման վրա, հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» անվանմամբ։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը տնտեսապես շահավետ կլինի և՛ տարածաշրջանի, և՛ տարածաշրջանից դուրս երկրների համար։ Այն կդառնա խաղաղություն ապահովող էական գրոծոն։

Մենք այս տեսլականով կիսվում ենք զանազան միջազգային դերակատարների հետ։ Ցավոք սրտի, Ադրբեջանից, որքան հիշում եմ, եղավ ձևակերպում, որ սա ուտոպիա է։ Իհարկե, որևէ կերպ հիմնավոր չենք կարող համարել այս ձևակերպումը։

Ուզում եմ հիշեցնել՝ սա միայն մեր տարածաշրջանին չի հատուկ, այսօր ամողջ աշխարհը ջանքեր է գործադրում նոր լոգիստիկ ուղիների հաստատման, պայմանների դյուրացման ուղղությամբ»,- թեմայի շուրջ նման հայտարարություն արեց ԱԳ նախարարը։