Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը:
«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի, որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:
Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-ասաց փոխնախարարը:
Նախարարի տեղակալը նշեց՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար:
0Comments