Ճապոնիան չի պլանավորում անդամակցել ՆԱՏՕ-ին. վարչապետ

Մանրամասներ

Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում առայժմ ընդունված չէ։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ պատասխանելով պատգամավորների հարցերին խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում։

«Ճապոնիան պլաններ չունի միանալու ՆԱՏՕ-ին ո՛չ որպես մշտական, ո՛չ որպես ասոցացված անդամ»,- ասել է նա։

Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, բայց «մինչև այժմ ոչ մի որոշում չի ընդունվել»։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և նրանց դաշնակիցների հետ՝ նկատի առնելով այն բարդ փորձությունները, որոնք այժմ ծառացած են միջազգային կարգի հանդեպ։