Ճապոնիայում 5.5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 64-ի

Մանրամասներ
ճապոնիա

Նոտոյի թերակղզում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, իսկ հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Japan News պարբերականը հաղորդում է, որ 5,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իսիկավայի պրեֆեկտուրայում։ Ըստ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության՝ ցունամիի վտանգ չկա։

Իր հերթին Kyodo գործակալությունը հաղորդում է, որ հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանց մեծապես խոչընդոտում են ճանապարհներին ընկած որմաքարերը։ 7,6 մագնիտուդով երկրաշարժից տուժած Իսիկավայի պրեֆեկտուրայի որոշ գյուղեր դեռ կտրված են մնում արտաքին աշխարհից։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է հնարավոր սողանքների մասին։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը որոշել է երկրաշարժից տուժած շրջաններ ուղարկել երկրի ինքնապաշտպանության ուժերի ևս 1000 անդամի՝ նրանց թիվը հասցնելով 2000-ի։