Պուտինը հանդիպել է Կադիրովի որդու հետ

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Չեչնիայի Հանրապետության «Առաջինների շարժում» համառուսաստանյան հասարակական-պետական երիտասարդական շարժման տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդի ղեկավար Ահմադ Կադիրովի հետ, որը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին է։

Պուտինի հետ որդու հանդիպման մասին հայտնել է Ռամզան Կադիրովը՝ իր թելեգրամյան էջում:

«Ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահի թոռը պատմել է Չեչնիայում երիտասարդական քաղաքականության մասին, սակայն զրույցը մեծ մասամբ վերաբերել է Ահմադ-Հաջի Կադիրովին (Ռամզան Կադիրովի հորը-խմբ․)»,- գրել է  Կադիրովը։

Նա նշել է, որ Պուտինն իր որդու հետ կիսվել է անձնական փորձով՝ պատմելով սկզբունքների և ապագայի տեսլականի, բարեկամության մասին։

«Պուտինը բազմաթիվ խորհուրդներ է տվել՝ ընդգծելով Ահմադ պապի ուղին շարունակելու կարևորությունը՝ եղած հաջողությունները բազմապատկելու համար»,- գրել է Ռամզան Կադիրովը։

Կադիրովը հավելել է, որ Վլադիմիր Պուտինն իր որդուն շնորհավորել է առաջիկայում կայանալիք ամուսնության կապակցությամբ։