Այսօր մենք կարող ենք փաստել, որ Ռուսաստանը չունի ՀՕՊ լիարժեք համակարգ (օդային պաշտպանություն), և ընդհանրապես Ռուսաստանն ի վիճակի չէ պաշտպանել իր օդային տարածքը։ Լրագրի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ռազմական մեկնաբան Ալեքսանդր Կովալենկոն։
«Ռուսաստանում այսօր չկա էշելոնային հակաօդային պաշտպանություն, և գերակշռում են միայն մեծ շառավղով համակարգերը, իսկ փոքր շառավղով համակարգերը չեն ապահովում անհրաժեշտ ծածկույթը, և առավել եւս՝ դրանք դադարում են գոյություն ունենալ որպես էշելոնի տարր։ ՌԴ ԶՈՒ փոքր շառավղով համակարգերը նույնիսկ արդիականացումից հետո ի վիճակի չեն հայտնաբերերել փոքր չափի ժամանակակից հարվածային միջոցները, որոնք 3-4 սերունդ առաջ են խորհրդային տեխնոլոգիաներից», նշել է փորձագետը։
Ըստ Կովալենկոյի՝ օդային տարածքի պաշտպանության ժամանակակից համակարգերից Ռուսաստանն ունի «Տոր» հակաօդային պաշտպանության համակարգը (132 միավոր) և «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը (116 միավոր): «Հարց. այս համալիրներն ընդհանուր առմամբ կարո՞ղ են ապահովել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքը (17,098,246 կմ²) բարձր տեխնոլոգիական օբյեկտների ներթափանցումից: Պատասխանը պարզ է՝ ոչ»։
Կովալենկոն հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական բանակը կորցրել է ավելի քան 30 Տոր-M1/2 ՀՕՊ և 33 Պանցիր-Ս1 համակարգեր։
«Ուկրաինայի շնորհիվ Ռուսաստանն այսօր թերզարգացած և բացարձակապես անօգուտ ՀՕՊ ունեցող երկրների շարքում է», հայտարարել է փորձագետը։
0Comments