Իրանը կստիպի ահաբեկիչ օկուպանտներին զղջալ իրենց վախկոտ արարքի համար. Իրանի նախագահը՝ Հանիեի սպանության մասին

Մանրամասներ
փեզեշքիան հանիե

Արձագանքելով Թեհրանում ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։

Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: