Բաց երեսով մտել է այդ տուն և իր սև գործն արել. Պեմզաշենի հանցագործը տեղեկացված է եղել ընտանիքի նիստուկացին․ Նոր մանրամասներ

Մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։

«Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։

Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներնն ու համգյուղացիները վրեժխնդիր չլինեն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- գրում է Shamshyan.com-ը։