ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կարգադրել է Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ևս 500 մարտիկ տեղակայել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով երկու գվարդիական ծանր վիրավորվել է։
«Ես պատերազմի նախարարությանը կարգադրել եմ լրացուցիչ 500 զինվոր մոբիլիզացնել մեր մայրաքաղաքը պաշտպանելու համար», – ասել է Թրամփը ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում։
Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։
Կատարվածի համար ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանի մի քաղաքացու։ Դեռևս հայտնի չեն գործողության շարժառիթները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն ահաբեկչություն է որակել։ Նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում՝ ընդգծելով, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։
Այս հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում են Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։