ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն քվեարկել է դատապարտված մանկապիղծ, ֆինանսիստ և Դոնալդ Թրամփի նախկին ընկեր Ջեֆրի Էփշտեյնի գործով բոլոր ոչ գաղտնի նյութերը հրապարակելու օգտին, որի հետ, ըստ ԱՄՆ նախագահի, նա խզել է կապերը 2000-ականների սկզբին՝ Էփշտեյնի առաջին ձերբակալությունից երկու տարի առաջ, հաղորդել է BBC-ն:
Հետագայում Սենատը հաստատել է օրինագիծն առանց քննարկման:
Եթե նախագահը չօգտագործի իր վետոյի իրավունքը, կամ եթե Կոնգրեսը չեղյալ հայտարարի այն, Արդարադատության նախարարությունը պարտավոր կլինի հրապարակել բոլոր ոչ գաղտնի նյութերը, փաստաթղթերը, նամակագրությունը և հետաքննչական տվյալները։
Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսի հանրապետական անդամներին քվեարկել այս օրինագծի օգտին՝ պնդելով, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի: Սակայն նախագահը բավականաչափ լիազորություններ ունի հրապարակելու ցանկացած վարչական փաստաթուղթ. որևէ հատուկ օրենսդրություն պարտադիր չէ, և դրա հեղինակները այն գրել են՝ ստիպելու Թրամփին հրապարակել այդ նյութերը:
Անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հրապարակել են էլեկտրոնային նամակների երեք շղթա, այդ թվում՝ Էփշտեյնի և նրա վաղեմի գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելի միջև նամակագրությունը, որը ներկայումս կրում է 20 տարվա ազատազրկում սեռական շահագործման համար: Որոշ էլեկտրոնային նամակներում հիշատակվում է Թրամփը, սակայն չկան ապացույցներ, որ նա ներգրավված է որևէ հանցագործության մեջ: