Առաջիկա վեց ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան՝ շարունակելով երկկողմանի երկխոսությունը։ Այս մասին ասել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը՝ Բաքվում ընթացող Ադրբեջան-ԱՄՆ առաջին վերլուծական կենտրոնների ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, համագործակցության ավելի լայն ծրագրի մաս էր կազմում։
«Մեր ուղևորությունը միանգամյա միջոցառում չէր. այն ավելի լայն միջոցառումների շարքի մաս է կազմում, որը ներառում է ադրբեջանական պատվիրակությունների Հայաստան և հայկական պատվիրակությունների Ադրբեջան ապագա այցելությունները: Հետևաբար, ենթադրվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստանի Հանրապետություն՝ հաջորդ վեց ամիսների ընթացքում: Սա կարող է ներառել ոչ միայն մայրաքաղաք, այլև առանձին շրջաններ այցելություններ», – նշել է նա:
Մամեդովն ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցը Ադրբեջան նախատեսված է տարեվերջին, և կոնկրետ ամսաթվերն արդեն որոշված են։
Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։