Ներկայում աշխատանքներ են իրականացվում հանրապետական նշանակության 3 նոր ստադիոններ ունենալու ուղղությամբ։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ուղղությամբ, որտեղ պետք է ՈւԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան պայմաններ ձևավորվեն։ «Ակադեմիական քաղաքի» շրջանակներում էլ նախատեսվում է ունենալ Ազգային մարզադաշտ։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արդեն հետաքրքրված ներդրողներ կան, ուստի հույս ունեն, որ շուտով այստեղ տեղաշարժ կլինի։
«Սա հնարավորություն կտա մինչև 35 հազար տեղանոց ստադիոն ունենալ և այստեղ նաև հյուրընկալել միջազգային նշանակության խաղեր»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ մասնավորի կողմից առաջարկ կա նաև հավելյալ մարզադաշտ ունենալ Վաղարշապատում, այս մասով առաջիկա շաբաթներին սպասվում է նաև գործադիրի համապատասխան որոշումը։
Ինչ վերաբերում է «Հրազդան» մարզադաշտին, ըստ Անդրեասյանի՝ իրավիճակն առավել բարդ է, որովհետև նաև սեփականության հարց կա. այն մասնավորին է պատկանում, և հիմա իրավական գործըթնացների շրջանակներում որոշ քննարկումներ ընթանում են։
«Հուսով ենք՝ կունենանք այնպիսի լուծում, որը կբերի «Հրազդան» մարզադաշտի՝ որպես սպորտային ենթակառուցվածքի լիարժեք օգտագործմանը։ Ստադիոնն ունի վերակառուցման կարիք, անգամ սեփականության հարցերի հստակեցման պարագայում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ ծավալի ներդրումների անհրաժեշտություն կա»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարն անդրադարձավ նաև «Սպարտակ» մարզադաշտին՝ տեղեկացնելով, որ այս մասով էլ նախաձեռնված քրեական վարույթ կա. գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։
Հավելեց, որ այս պահին նախարարության առաջնահերթությունն է նոր ենթակառուցվածքների զարգացումը։