Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համագործակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել
Սեպտեմբերի 10, 2025

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համագործակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել

By Սեպտեմբերի 10, 2025 7

Իրանը և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համագործակցության վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համաձայնագիրը ստորագրել են Կահիրեում:

Ինչպես նշել է Արաղչին, իրականացված այդ կարևոր քայլը վկայում է ԻԻՀ միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած հարց բացառապես խաղաղ ճանապարհով դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու՝ երկրի պատրաստակամության մասին: 

«Չնայած այն հանգամանքին, որ Իրանը ենթարկվում է անօրինական և հանցավոր հարձակումների, շարունակում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով պաշտպանել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անօտարելի իրավունքները՝ միաժամանակ պատրաստակամություն ցուցաբերելով իր պարտավորությունները կատարելու համար մասնակցել իրական և նշանակալի երկխոսությանը», - Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Արաղչին: 

Նրա խոսքով՝ համաձայնեցված գործնական քայլերը լիովին հաշվի են առնում Իրանի օրենսդրությունը, ինչպես նաև երկրի մտահոգությունները՝ հիմք ապահովելով համագործակցության շարունակման համար:

Արաղչիի խոսքով, համաձայնագիրը սահմանում է համագործակցության գործնական մեխանիզմ, որն արտացոլում է ինչպես Իրանի անվտանգության պայմանները, այնպես էլ գործակալության տեխնիկական պահանջները:

Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին X սոցցանցում հայտնել է, որ գործակալությունն ու Թեհրանը համաձայնեցրել են Իրանում ստուգումների վերսկսման պայմանները:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր էր ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի կիրառման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել էին երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու երկրի որոշմանը՝ համագործակցության ուղիները փակ չեն: Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման էր նշվել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս