ՀՀ–ում առողջության պարտադիր ապահովագրական համակարգի փուլային ներդրման եռամյա փուլերի ընթացքում (վերջնաժամկետը` 2028 թ.) պետական պատվերի ծրագրերի շրջանակն աստիճանաբար կիջնի։ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջության պարտադիր համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։ 2026 թ.-ին մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում։ 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն համակարգում։ Համակարգը կվերաբերի 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող անձանց ևս։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկային փուլում ներառվող քաղաքացիներից բացի, այն անձինք, որոնք ինչ–որ ծառայություններից օգտվում էին պետպատվերի շրջանակում, կշարունակեն նախատեսված ծավալով օգտվել, օրինակ` հոգեկան առողջության կամ ինֆեկցիոն հիվանդություններ ունեցողները կամ զինծառայողների ընտանիքնների անդամները։
«Այս խմբերի անձանց համար պետպատվերի փաթեթները չեն փոխվի, այլ կշարունակվեն, մինչև մենք 3 տարվա ընթացքում խումբ–խումբ պետական պատվերը կավարտենք, և այս խմբերում ներառված անձանցից շատերը կտեղափոխվեն պետական ապահովագրության համակարգ։ Արդեն համակարգի ներդրման 3–րդ տարվա ավարտին մենք կունենանք հիմնական բնակչության ապահովագրված խումբ, իսկ մյուսների (օրինակ` ոչ ռեզիդենտների) համար կունենանք նվազագույն ծառայությունների փաթեթ»,– ասաց նախարարը։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ առողջության պարտադիր ապահովագրական փաթեթը ներառելու է առաջնային օղակի, շտապօգնության, հիվանդանոցային բուժօգնության ծառայությունները։
Նախարարը նշեց նաև, որ ապահովագրական համակարգում որոշել են պարտադիր դարձնել ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը` «չեք–ափը»։
«Անձը, ըստ իր տարիքի համահունչ ռիսկի գործոնների, պետք է անցնի տարեկան «չեք–ափ»։ Սա լինելու է ապահովագրության հաջորդիվ պարտադիր կետերից մեկը։ Հաջորդը կլինեն սկրինինգային թեստերը` 45–60 տարեկան կանանց համար կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը, որի պիլոտային ծրագիրն արդեն իսկ այս տարվանից է մեկնարկել, կոլոռեկտալ քաղցկեղի ծրագիրը, մարդու պապիլոմավիրուսի (HPV) թեստավորումը, ինչպես նաև հղիների թեստավորման ծրագիրը»,– հայտարարեց Ավանեսյանը։
Անդրադառնալով 2026 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվելիք բյուջեին` նախարարն այն «պատմական» որակեց, քանի որ այն աննախադեպ մեծ է լինելու` 210 մլրդ 912 մլն դրամ, որը 44 մլրդ 313 մլն դրամով շատ է լինելու 2025 թվականի բյուջեից։ Այդ գումարից 129 միլիարդն ուղղվելու է առողջության պարտադիր ապահովագրման ծրագրին։