Իրանի Գիլդիայի պալատը հրահանգ է տվել ամբողջությամբ արգելել Հելոուինի հետ կապված ցանկացած ապրանքի վաճառքը և միջոցառումների կազմակերպումը։
Արդեն մի քանի տարի Իրանում ծաղկում է Հելոուինի հետ կապված ապրանքների շուկան։ Գիլդիայի պալատը նախազգուշացրել է սրճարաններին, ռեստորաններին և այլ բիզնեսներին խուսափել Հելոուինի թեմայով միջոցառումներից և վաճառքից՝ պատճառաբանելով, որ դրանք վտանգ են ներկայացնում իսլամական աստվածապետության մշակութային արժեքներին:
«Բոլոր տեսակի արարողությունները, հավաքները, գովազդը կամ Հելոուինի հետ կապված իրերի վաճառքն ամբողջությամբ արգելված են բոլոր հասարակական և բիզնես վայրերում», - ասվում է Իրանի Գիլդային պալատի հայտարարության մեջ՝ վկայակոչելով «մշակութային, կրոնական և սոցիալական արժեքները» պաշտպանելու անհրաժեշտությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանությունը իրավական գործողություններ կձեռնարկի օրինախախտների դեմ, այդ թվում՝ փակելով հաստատությունները և կառավարիչների գործերը դատարան ուղարկելով։ Ըստ իրանական ԶԼՄ-ների, որոշումն ընդունվել է Իրանի իշխանությունների անհանգստության ֆոնին արևմտյան տոների, ինչպիսիք են Սուրբ Ծնունդը, Վալենտինի օրը և Հելոուինը, երիտասարդ իրանցիների շրջանում աճող ժողովրդականությունը:
Պաշտոնյաները և հոգևորականները հաճախ նման իրադարձությունները բնութագրում են` որպես մշակութային ներմուծում, որը հակասում է իսլամական արժեքներին:
Վերջին տարիներին Թեհրանի, Սպահանի և այլ քաղաքների խանութների ու սրճարանների ցուցափեղկերին կարելի է հանդիպել Հելոուինի դդումների, տարբեր դիմակների, տոնածառերի ու զարդարանքների։