Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պլանավորում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, հաղորդում է ադրբեջանական Caliber.Az պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված (խաղաղության) պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել», - պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։
Նրա խոսքով՝ ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո, Բաքվի կարծիքով, սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հրավիրվել են Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հաջորդ գարնանը։