Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»
Նոյեմբերի 01, 2025

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

By Նոյեմբերի 01, 2025 11

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում պարեկային ծառայողի են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է «Առավոտ» թերթը։

ՆԳՆ-ից հաստատել են, որ ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։

Թերթի տեղեկություններով` Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։

«Դեպքը տեղի է ունեցել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում, որտեղ տեղակայված է պարեկային ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Օրեր անց Գոռ Սարոյանը ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից»,– գրում է լրատվամիջոցը։

Պարբերականը գրում է, որ ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, և դա պատճառ է դարձել, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անմիջապես աշխատանքից հեռացնի Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին

Ըստ թերթի աղբյուրների` պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սա ևս հիմք է հանդիսացել, որ քրեական ոստիկանին ոչ միայն աշխատանքից ազատեն, այլև նրա արարքի համար դիմեն Գլխավոր դատախազություն։ Արտյոմ Հովհաննիսյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան, որը պետական է, ոստիկանության հաշվեկշռում է, տեղափոխվել է մեքենաների հատուկ պահման վայր։

Այս թեմայի շուրջ թերթը փորձել է պարզաբանում ստանալ Գոռ Սարոյանից, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս