ԱՄՆ–ի հետ համատեղ երկաթուղու հարց է քննարկվում։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հենց այսօր ավելի են ինտենսիվացել աշխատանքները ամերիկյան կողմի հետ` հասկանալու հայ–ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, քանի որ տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցել»,– ասաց Միրզոյանը։
Նա ընդգծեց` Հայաստանի շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացներն ու արագ հասնել ապաշրջափակման։
«Մի՛ մոռացեք, որ Հայաստանը 30+ տարիներ եղել է ապաշրջափակման մեջ, ու առաջին հերթին ապաշրջափակումը մեզ է հարկավոր, մենք ենք հնարավորություններ ստանում` մեր հռչակած սկզբունքների հիման վրա»,– հավելեց նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։
Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։